Ծալկայի համայնքի Կոխտա գյուղում ճանապարհը շարունակում է մնալ վնասված վիճակում։ Բնակիչները տարիներ շարունակ պահանջում են դրա կարգավորումը, սակայն ապարդյուն։
Մեր խմբագրությունը տարիներ շարունակ աշխատում է այս թեմայի վրա և բնակիչների խնդրանքով բազմիցս լուսաբանել է նրանց խնդիրները։
Կոխտա գյուղ տանող ճանապարհը կառուցվել է 2021 թվականի նոյեմբերին։ Ասֆալտբետոնե ծածկի կառուցման համար ծախսվել է մոտ մեկ միլիոն լարի։ Մրցույթում հաղթած «Ակա» ընկերությունը պարտավոր էր նաև վերացնել ճանապարհի վնասվածքները։
Ճանապարհի կառուցումից մոտ մեկ տարի անց՝ 2022 թվականի ամռանը, ճանապարհածածկը կրկին վերանորոգման կարիք ուներ։ Այդ ժամանակ ընկերությունում մեր խմբագրությանը ճանապարհի վնասման պատճառ էին նշել առատ տեղումները և բեռնատար մեքենաների հաճախակի երթևեկությունը։
Տեղի բնակիչները մեզ պատմում էին, որ ճանապարհով ինտենսիվ կերպով տեղափոխվում էին քարհանքերից արդյունահանված իներտ նյութեր։ Բացի այդ, ճանապարհի երկայնքով ջրահեռացման համակարգ չէր կառուցվել։
Կոխտայի ճանապարհի վերանորոգումը բնակիչները պահանջում էին նաև հաջորդ տարիներին։ Չլուծված խնդիրը լուսաբանելու նպատակով մեր խմբագրությունը 2024 թվականին ևս, բնակիչների խնդրանքով, այցելել էր գյուղ։
Այդ ժամանակ Ծալկայի համայնքի ղեկավարի տեղակալ Անզոր Խինիկաձեն նույնպես ճանապարհի վնասման հավանական պատճառ էր համարում բեռնատարների հաճախակի երթևեկությունը։ Նրա խոսքով՝ դա հանգեցրել էր ճանապարհի գերծանրաբեռնվածության և ծածկույթի վնասմանը։
Այդ հարցազրույցից երկու տարի անց Կոխտայի ճանապարհի վիճակը շարունակում է մնալ անփոփոխ։ Մենք մի քանի օր առաջ կրկին նկարահանել ենք ճանապարհը և զրուցել տեղի բնակիչների հետ։
Իզոլդա Օսիպովան, որի տունը գտնվում է Կոխտա գյուղում, ասում է, որ ճանապարհի խնդիրը մինչ օրս չի լուծվել։
Կոխտայի բնակիչ Գեորգի Տակիձեն ևս նշում է, որ մի քանի տարի առաջ կառուցված ճանապարհը շատ արագ վնասվել է.
«Ճանապարհը կառուցեցին 3-4 տարի առաջ, բայց նույնիսկ վեց ամիս չդիմացավ, նորից փչացավ։ Ինչու է վնասվել՝ չեմ կարող ասել։ Գարնանը խոստացան, որ կվերանորոգեն, բայց մինչ օրս նույն վիճակում է։ Ճանապարհը ջրահեռացման համակարգ չունի»։
Մենք կրկին կապ հաստատեցինք «Ակա» ընկերության տնօրեն Ամիրան Կեկելիայի հետ, որի ընկերությունը 2021 թվականին պետական պատվերով կառուցել էր այս ճանապարհը։ Նա չպատասխանեց մեր հարցերին և մեզ ուղղորդեց համայնքապետարան։
Մենք կապ հաստատեցինք նաև Ծալկայի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի հետ։ Մեզ հետաքրքրում էր, թե երբ և ինչ ժամկետներում կվերանորոգվի Կոխտա գյուղի ճանապարհը։ Նա խոստացավ անձամբ կապ հաստատել մեզ հետ, սակայն այլևս չզանգահարեց։
Մենք նաև կապ հաստատեցինք Ծալկայի համայնքի ղեկավար Իլիա Սաբաձեի հետ, սակայն նա անջատեց հեռախոսը։
Թե ովքեր են Կոխտայի ճանապարհով արդյունահանում և տեղափոխում իներտ նյութեր, մեր խմբագրությունը շարունակում է ուսումնասիրել այդ հարցը։